# 112 (2064) 30 ՀՈՒՆԻՍԻ, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 2010

ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1989 ԹՎԱԿԱՆԻՑ

 ԳԼԽԱՎՈՐ
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐՏԱՔԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՍՊՈՐՏ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՄԱՐ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 


Կրկին վատ ենք սովորում

Հայաստանին միջազգային հանրությունը կրկին անբավարար է նշանակել, բայց դրանից մեր երկրում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենա: Վարչախմբի ներկայացուցիչները չեն կարմրի եւ չեն փորձի ուղղվել: Ընդհակառակը, անարգանքի սյունին կգամեն ՙՖրիդոմ հաուսին՚, նրանց անվանելով երկակի ստանդարտներ կիրառողներ, իրականությունը խեղաթյուրողներ: Այս ամենից Հայաստանը չի շահի: Ավելացնենք նաեւ, որ նախկինի նման միջազգային կազմակերպությունների հայտարարությունները ժողովրդի մոտ լայն արձագանք չեն գտնում: Բանն այն է, որ միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններով եւ գործելաոճով իրենք իրենց հեղինակազրկել են: Ժողովուրդն անցած տարիներին տեսավ, որ նույն միջազգային հանրությունը, որը քննադատում է կիսաավտորիտար հայաստանյան իշխանություններին, այդ նույն իշխանությունների հետ պայքարում է կոռուպցիայի դեմ, ժողովրդավարություն է կառուցում, դատական բարեփոխումներ է իրականացնում: Ավելորդ է անգամ շեշտել, որ այդ բարեփոխումների արդյունքում Հայաստանն ավելի ավտորիտար է դառնում: Հիմա էլ վերոհիշյալ զեկույցի հեղինակներն են իրենք իրենց հեղինակազրկում: Մի կողմից պնդում են, թե անցած տարի տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները ուղեկցվել են խախտումներով, իսկ մյուս կողմից ակնարկում են, թե Գագիկ Բեգլարյանը հաղթել է, քանի որ ժողովուրդը դժգոհ է եղել Լեւոն տեր-Պետրոսյանի պասիվությունից: Մնում է զեկույցի հեղինակներին հարցնել, թե էլ ինչ պետք է աներ ընդդիմությունը առաջին նախագահի գլխավորությամբ, որ նրանց չմեղադրեին պասիվության մեջ: Իսկապես, նման կազմակերպություններին սազական չէ նմանատիպ պահվածքը: Նրանք ջուր են լցնում իրենց իսկ կողմից ավտորիտար կամ կիսաավտորիտար որակված վարչախմբի ջրաղացին, իսկ հետո էլ արձանագրում են, որ Հայաստանը տեղից չի շարժվում: Այս ամենից մենք ընդամենը մի հետեւություն պետք է անենք: Մենք պետք է ընդունենք, որ եթե մենք չցանկանանք փոխել այս կեղտոտ իրավիճակը, ապա մեզ որեւէ մեկը չի օգնի կամ մեր փոխարեն ժողովրդավարական Հայաստան չի կառուցի: Իսկ երբ սկսենք կառուցել, ապա մեր կողքին կհայտնվեն կառույցներ, որոնք իսկապես գործուն աջակցություն ցույց կտան: Ցավոք, առայժմ մենք մեր տեղից չենք շարժվում, իսկ այս իրավիճակում իրենց հրաշալի են զգում Դավիթ հարությունյանը եւ նրա նմանները, որոնք ամբողջ աշխարհին համոզում են, թե Հայաստանը լավ երկիր է, որտեղ մարդիկ ապրում են ազատ եւ երջանիկ: Ավելին, նրանք պնդում են, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, եւ որ ժողովուրդն էլ, երբ ցանկանա, որտեղ ցանկանա կարող է հանրահավաք անցկացնել:

 

ԲՀԿ-ն չի վերանայի

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի պատրաստվում փոխել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում առաջադրած իր թեկնածուին` գործարար Սերգեյ Բագրատյանին եւ նրա նշանակման ուշացումը կապված է ընթացակարգային խնդիրների հետ:

Մարզպետի նշանական ուշացման պատճառը, ըստ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի, կապված է զուտ ընթացակարգային խնդիրների հետ, սակայն առաջիկա օրերին կլինի նշանակումը: Նա նաեւ հերքել է մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց, ուշացման պատճառը այն է, որ Տիգրան Սարգսյանը իր հավանությունը Սերգեյ Բագրատյանին չի տվել: Ավելացնենք նաեւ, որ Վայոց Ձորի մարզպետի թեկնածուն գործարար է եւ ղեկավարում է հեղուկ վառելիքի եւ սննդի առեւտրով զբաղվող ՙՍերգեյ Գրուպ՚ ընկերությունը:

 

Կշարունակեն աշնանը

ՙԵԽԽՎ-ն ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման շուրջ հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ աշխատանքը կշարունակի աշնանը՚,- ըստ Trend գործակալության Աստանայում ասել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:

ՙ2005թ. ԵԽԽՎ-ն ընդունեց 1416 բանաձեւը, որի համաձայն, պետք է ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողով, սակայն հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսոնը մահացավ եւ ենթահանձնաժողովի գործունեությունը դադարեցվեց, սակայն հարցը մնում է բյուրոյի օրակարգում՚,- ասել է Չավուշօղլուն: ՙՀայկական պատվիրակությունը որոշ կասկածներ ունի, այդ պատճառով մենք որոշեցինք շարունակել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ հանդիպումները իմ բյուրոյում: ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում մենք կշարունակենք հանդիպումները, որից հետո ես կզեկուցեմ բյուրոյին, եւ բյուրոն որոշում կկայացնի՚,- ասել է նա:

 

Կժամանեն

ՙԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն հուլիսի սկզբին՚,- Trend գործակալությանն ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ հրաժարվել մեկնաբանել համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարությունը:

Նա ասել է, թե նախագահների հայտարարության, ինչպես նաեւ բանակցային գործընթացի վերաբերյալ ՄԽ-ն մեկնաբանություններ կտա տարածաշրջան այցելելուն պես: Իհարկե, դժվար է հավատալ, որ նույնիսկ տարածաշրջան այցից հետո համանախագահները կոնկրետ հայտարարություններ կանեն:














 






 

Ընդդեմ Քոչարյանի

Հայ Ազգային Կոնգրեսը տեղեկացնում է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է ՙՀայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՚ փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ-ծանուցման մեջ, մասնավորապես, նշված է. ՙՀաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի hաղորդումների ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է` համաձայն Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտի դրույթների՚:

_____________________

Նախագահների հայտարարության արձագանքները` ճաշակին ընկեր չկա

ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները շաբաթ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում:

Երեք նախագահները ՙկարեւոր առաջընթաց՚ են գնահատել այն փաստը, որ հակամարտության կողմերը որպես Ղարաբաղի հարցի երկարաժամկետ լուծման հիմք ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թ. հուլիսի 10-ին իտալական Ակվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները: Նախագահները եւս մեկ անգամ հիշեցրել են Ակվիլայում ընդունված սկզբունքները, որոնք ներառում են` ՙԼեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն՚:
Ահա այն սկզբունքները, որոնց հավանություն են տվել հայաստանյան իշխանությունները, ավելին Հայաստանի արտգործնախարարությունը Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը պարզապես ողջունեց: Իսկ ահա հենց ներկայիս վարչախմբի թեթեւ ձեռքով բանակցային գործընթացից դուրս մնացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների համար վերոհիշյալ սկզբունքներն անընդունելի է: ՙԱյս դեպքում Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը լուրջ չէ, ուրիշ բան, որ խոսենք դիվանագիտական կարգավիճակի մասին` բանակցային գործընթացներին լիիրավ մասնակցելու ձեւաչափը վերականգնելու առումով՚,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
ՙԱրցախի վերաբերմունքը այն է, որ այդ կարգավիճակը որպես այդպիսին, չպետք է լինի քաղաքական: Այսինքն, եթե Ադրբեջանը այս պահի դրությամբ պատրաստ չէ մեզ հետ բանակցելու, ապա դիվանագիտական առումով կարելի է ասել, որ միջանկյալ կարգավիճակ է տրվում, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի՚,- ասել է նա:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, հայաստանյան իշխանությունները գոհունակությամբ են ընդունել նախագահների հայտարարությունը, քանի որ այստեղ խոսք չկա մադրիդյան նորացված սկզբունքների մասին, ինչին վերջիններս դեմ էին: Սակայն, ըստ Մանոյանի, դրանք ոչ մի կերպ միմյանցից չեն տարբերվում եւ անընդունելի են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Կիրո Մանոյանը նկատեց, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը նաեւ որոշակի ճնշում էր Հայաստանի վրա, ինչը հետեւանք է նաեւ թուրքական աշխատանքի: Նրա կարծիքով, ղարաբաղյան կարգավորման ներկայիս վիճակը նաեւ հայ-թուրքական արձանագրություններով է պայմանավորված:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ՙԺառանգություն՚ կուսակցության համար եւս անընդունելի է: ՙՈչ ինձ, որպես քաղաքացի, եւ ոչ էլ ժառանգության համար այս սկզբունքները ընդունելի չեն` այդ թվում նաեւ տարածքների վերադարձի հարցը: Ժառանգության տեսակետն հետեւյալն է` ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը եւ ԼՂ իշխանություններին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ եւ իրենք են, որ կարող են մնացած հարցերի հետ կապված որոշումներ ընդունել՚,- մեզ հետ զրույցում ասաց ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի կարծիքով այս հայտարարությունը բանակցային գործընթացում չի կարող որեւէ նոր քայլ արձանագրել. ՙԴա, ըստ էության, Ակվիլայի հայտարարությանը շատ նման էր եւ դրա շարունակությունն էր, շարունակվում են նախկինում եղած սկզբունքները: Այս հայտարարությունը այս պահին չի բերի խնդրի լուծման, կամ որեւէ փաստաթղթի ստորագրման: G20-ի ընթացքում քննարկում էին գլոբալ խնդիրներ եւ հնարավոր էր, որ այդ կոնտեքստում տեղի ունենար նմանատիպ հայտարարություն: Քանի դեռ ԼՂՀ-ի անկախությունը չի ճանաչվել եւ ԼՂ-ի ներկայացուցիչները չեն նստել բանակցային սեղանի շուրջ, որեւէ գործուն արդյունք մենք չեն կարող տեսնել՚:
Իսկ ահա ՀՀԿ-ի համար ողջունելի եւ ընդունելի է այն ամենը, ինչ ընդունելի է իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի համար: ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ՙդրական էլեմենտներ պարունակող կառուցողական հայտարարություն էր՚:
Շարմազանովի նշած ՙդրական էլեմենտները՚ դրանք հայկական կողմի երեք կարեւորագույն առաջարկների ու սկզբունքների ներառումն էր հայտարարության մեջ. ՙԱռաջինը, դա Լեռնային Ղարաբաղի միջանկյալ հստակ կարգավիճակ տալու հարցն է, ապա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ցամաքային սահման ունենալու կարեւորությունը եւ երրորդը` անվտանգության երաշխիքը՚:
Ջայլամային քաղաքականության կողմնակից ՀՀԿ-ականը, թերեւս, իր համար հայտարարության տեքստը փոքր-ինչ կրճատել է եւ փոփոխել: Նախ նախագահների շաբաթնօրյա հայտարարության մեջ ասվում է, ոչ թե ՙմիջանկյալ հստակ կարգավիճակ՚, այլ պարզապես ՙմիջանկյալ կարգավիճակ՚, ինչը դեռեւս հեռու է ՙհստակ՚ լինելուց: Իսկ ՙԼեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ՚, կամ անորոշ ՙկամարտահայտության միջոց՚ սկզբունքները Շարմազանովը չի տեսել ու չի էլ ուզում տեսնի: Ավելին, Շարմազանովը այդ կետերի սեփական մեկնաբանություն ունի: Շարմազանովը մանրամասնելով հայտարարության առանձին տարրեր, ասաց, որ իրենք դեմ չեն եւ փախստականների, եւ մյուս խնդիրներին, իսկ ինչ վերաբերվում է ՙօկուպացված տարածքներ՚ ձեւակերպմանը, պատգամավորը նկատեց, որ այնտեղ նշված չէ կոնկրետ Ադրբեջանի օկուպացված տարածքներ. ՙԵթե իրնեք ի նկատի են ունեցել օկուպացված տարածքներ Շահումյանը, Մարտակերտի մի մասը, Մարտունաշենն ու Գետաշենը, իհարկե, դրանք օկուպացված տարածքներ են, այլ օկուպացված տարածքներ չկան՚:
Պետք է նկատել, որ Շարմազանովը, իր նման փիլիսոփայական մտքերով, հավակնություններ ունի զբաղեցնել ՙմտքի տիտան՚ Գալուստ Սահակյանի տեղը: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությանը եւ այնտեղ ընդգրկված սկզբունքներին, ապա ակնհայտ է, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլեւս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն եւ պարզ է, որ հակառակվելով այս երեքին, Սերժ Սարգսյանը կորցնում է դրսից ստացած լեգիտիմությունը: Վերոհիշյալ սկզբունքներից հրաժարվելով, հայաստանյան իշխանությունները ժողովրդի լեզվով ասած ՙլեզու կդնեն՚ միջազգային հանրության բերանը, որոնք էլ իրենց հերթին կմատնանշեն հայրենի իշխանությունների բոլոր ՙայիբները՚:

Առանց Թուրքիայի

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան ԼՂ հակամարտության լուծման հարցում անելիք չունի: Նա պնդել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում է հայտնել եւ թույլ չի տա, որպեսզի Թուրքիան ԼՂ հարցում հանդես գա որպես միջնորդ: ՙԹուրքիան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը փորձում է կապել ԼՂ խնդրի հետ եւ հակառակը` ԼՂ խնդիրը կապել 1915-ի Ցեղասպանության հետ: Մենք պարզ հասկացնել տվեցինք, որ չենք պատրաստվում Թուրքիայի հետ քննարկել մեր ժողովրդի ցեղասպանության հարցը: Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հասնենք Ցեղասպանության միջազգային ճանաչման՚,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Կարդում էին

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները երեկ անարգել կերպով մտան Ազատության հրապարակ եւ այնտեղ աստիճանների վրա անցկացրեցին ակցիա` ի պաշտպանություն քաղբանտարկյալ Դավիթ Քիրամիջյանի: Երիտասարդները ձեռքներին ունեին Դավիթի նկարները, նրանք նաեւ աստիճանների վրա նստած բարձրաձայն կարդում էին ՀՀ Սահմանադրությունը: Երիտասարդներից Հովհաննես Քիրամիջյանը մեզ հետ զրույցում ասաց. ՙԸստ ՀՀ Սահմանադրության, որը հանդիսանում է մեր երկրի գլխավոր օրենքը, մենք ՀՀ քաղաքացիներս ունենք մեր երկրում ազատ տեղաշարժվելու իրավունք, որը բազմաթիվ անգամ խախտվում է ոստիկանների կողմից, քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Մենք ունենք մեր գաղափարները ազատ տարածելու եւ մեր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այսօրվա նպատակն այն է, որ մենք եկել ենք Սահմանադրություն կարդալու Ազատության հրապարակում, ցույց տալու, որ մենք տեր ենք կանգնելու մեր իրավունքներին այնքան ժամանակ մինչեւ այդ իրավունքները իրական կյանքում իրագործվեն՚: Երիտասարդները նաեւ վանկարկում էին ՙԴավիթ մենք քեզ հետ ենք՚, ՙԱզատություն՚:

Ընդդեմ Թուրքիայի

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում փակցվել են Հայոց ցեղասպանության փաստի մասին հիշեցումներով եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղված կոշտ քննադատություններով ցուցատախտակներ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցատախտակները փակցվել են Թել Ավիվի մի շարք թաղամասերում: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի եւ Իսրայելի բանակների զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացել են:

_____________________

Կիսաավտորիտար ենք, բայց մեզ հայ են ասում

Միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած զեկույցի համաձայն, մենք կրկին դասվել ենք կիսաբռնապետական կամ այլ կերպ ասած, կիսաավտորիտար երկրների թվին: Զեկույցը բավական ուշագրավ գնահատականներ է տվել, իսկ ամենակարեւորն այն է, որ շեշտվել է, որ թափանցիկ ընտրությունների, ազատ լրատվամիջոցների, անկախ դատական համակարգի ու ժողովրդավարական կառավարման հարցերում Հայաստանը ոչ մի քայլ առաջ չի եկել:

Ուսումնասիրությունը փաստում է, որ պաշտոնական Երեւանն անցած տարվա ընթացքում հաջողել է որոշակի առաջընթաց արձանագրել տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, սակայն ՙդրանից Հայաստանի ժողովրդավար կառավարման ցուցանիշը չի բարելավվել՚, քանի որ ուժի մեջ են մնացել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամի ու համաշխարհային տնտեսական անկման բացասական հետեւանքները: Բնականաբար, այս դիտարկման հետ վարչախումբը չի համաձայնվի: Ինչպես համաձայնվեն, եթե նրանք որեւէ խնդիր չեն տեսնում եւ անգամ պնդում են, որ ճգնաժամի հետեւանքները հաղթահարված են:
ՙՄարտի 1-2-ի առնչությամբ ձերբակալված 15 ընդդիմադիրները շարունակում են մնալ անազատության մեջ, մյուս կողմից? շուրջ 16 տոկոսանոց տնտեսական անկումը էլ ավելի է սրել անվստահության ու հոռետեսության մթնոլորտը երկրում՚,- ըստ ՙԱզատություն՚ ռ/կ-ի ընդգծում է հեղինակավոր կազմակերպությունը: Առաջընթաց չի արձանագրվել նաեւ ընտրական ոլորտում. 2009 թվականին առաջին անգամ կազմակերպված Երեւանի ավագանու ընտրությունները կրկին ուղեկցվեցին ՙլայնածավալ խախտումների ու կեղծիքների մասին պնդումներով՚: Մրցակցությունը մեծ էր, սակայն մրցակցային մեթոդները շարունակում էին ՙշատ հեռու մնալ ժողովրդավարության չափանիշներից` ներառյալ ընտրակաշառքն ու ճնշումները՚: ՙՔաղաքապետ Գագիկ Բեգլարյանի տնօրինած վարչական ռեսուրսների դեպքում անգամ նրա ստացած ձայների առավելությունը մեծ էր, - փաստում է Freedom House-ը եւ հավելում. ՙԴրա հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել ընտրողների հիասթափությունը նախորդ տարիների անարդյունք քաղաքական պայքարից, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի եւ անձամբ իր պասսիվությունը՚: Այս ձեւակերպումը պարզապես զարմացնում է, քանի որ անգամ վարչախմբի ներկայացուցիչները կարող են պնդել, որ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ նրա թիմը քաղաքապետի ընտրություններից առաջ պասսիվությամբ աչքի չեն ընկել: Զարմացնում է նաեւ, որ հեղինակավոր կազմակերպությունը ընդգծելով, որ եղել են ընտրակեղծիքներ, բռնաճնշումներ եւ ընտրակաշառքի բաժանման դեպքեր, միաժամանակ փորձում է տպավորություն ստեղծել, թե Գագիկ Բեգլարյանը հաղթել է, քանի որ ժողովուրդը ընդդիմությունից հիասթափված է եղել:
Չի բարելավվել ցուցանիշը նաեւ խոսքի ազատության բնագավառում. ՙԻ տարբերություն 2008 թվականին արտակարգ դրությունից հետո մտցված ուղիղ գրաքննության, 2009-ին կառավարությունը, ըստ Freedom House-ի, իր ճնշումները մեծամասամբ բանեցրել է գովազդի միջոցով? հորդորելով գործարարներին գովազդ չտեղադրել իշխանություններին չենթարկվող լրատվամիջոցների եթերում: Նոր հաղորդումներ են ստացվել նաեւ լրագրողների նկատմամբ սպառնալիքների ու հարձակումների վերաբերյալ՚: Հետազոտության համաձայն, առաջընթաց չի արձանագրվել նաեւ դատական համակարգի անկախությունը բարելավելու ուղղությամբ: Զեկույցում քննադատության է արժանացել նաեւ կոռուպցիայի դեմ իշխանությունների ձեռնարկած պայքարը: Ընդգծելով, որ համատարած կաշառակերությունը հայաստանցիներին հուզող ամենալուրջ խնդիրներից մեկն է:

Համանախագահների առաջարկը կենսունակ չէ

ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ

ԼՂ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը հայ քաղաքագետներին զարմանալու եւ նոր հետեւություններ անելու առիթ չի տվել: Հայաստանում սկսել են նման հայտարարություններին առանձնակի կարեւորություն չտալ, եւ քաղաքագետներին մնում է միայն նոր հայտարարությունը համեմատել նախորդների հետ` փորձելով գտնել տարբերությունները:

Բարաք Օբամայի, Նիկոլյա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի հունիսի 26-ի հայտարարությունը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը երեկ որակել է իբրեւ ձեւավորված ավանդույթի շարունակություն: Նա ասել է, որ այս հայտարարությունը իր համար միանգամայն սպասելի էր ու կրկնում էր 2009թ. հուլիսի 10 ին Ակվիլայում կրկին նույն նախագահների ընդունած հայտարարությանը` բացառությամբ որոշ նրբությունների: Հայտարարության որոշակի տարբերությունն, ըստ Երվանդ Բոզոյանի, վկայում է Թուրքիայի ազդեցության մասին: ՙԴրանք նախեւառաջ ի հայտ են եկել թուրքական կողմից արվող ճնշման հետեւանքով` Միացյալ Նահանգները թուրքական ճնշմամբ խնդիր ունի բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ՚,- կարծիք է հայտնել Երվանդ Բոզոյանը: Հայտարարության դրական կողմը քաղաքագետը համարել է այն, որ նախագահները խոսել են ուժի չկիրառման մասին: Ի տարբերության բուն հայտարարությանը, որը հայ քաղաքագետին համարյա թե անտարբեր է թողել, Հայաստանի արտաքին գերատեսչության արձագանքը նրան դուր չի եկել: Նրա կարծիքով, եթե միանգամից դրական գնահատական ես տալիս այդ հայտարարությանը, դա բոլորովին չի նշանակում, թե միջնորդները կսկսեն քեզ գովել: Այս հարցում, Երվանդ Բոզոյանի համոզմամբ, Ադրբեջանն իրեն ավելի ծանրակշիռ պահեց: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ԼՂ հակամարտության լուծման փաթեթին, ապա այն, Երվանդ Բոզոյանի գնահատմամբ, անհամատեղելի տարրեր է պարունակում, հետեւաբար խնդիրը մոտ ապագայում չի լուծվի: Նրա խոսքով, ինքը, որպես քաղաքագետ, հասկանում է, թե որքան էլ առաջարկվող փաթեթն իրատեսական չէ, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց առաջարկություններով փորձում են հակամարտող կողմերի միջեւ փոխզիջումային դաշտ ստեղծել: ԼՂ հիմնախնդրի հարցում ամենակարեւոր խնդիրը, որը հուզում է քաղաքագետին, ԼՂՀ իշխանությունների լռությունն է: ՙԱրցախը մի տեսակ համակերպվել է այդ վիճակին: Նրանք հիմնականում զբաղվում են սոցիալ-տնտեսական պրոբլեմներով եւ, ըստ էության, քանի որ ակտիվորեն չեն զբաղվում դիվանագիտական պրոցեսներով, մի տեսակ հետ են սովորել: Եվ երբ ֆորսմաժորային իրավիճակ է առաջանում, նրանք վախենում են արձագանքել այն գործընթացներին, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ՚,- կարծում է քաղաքագետը: Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին` քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ ռազմական գործողությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ հակամարտող կողմերից մեկը համոզված լինի, որ պատերազմից դուրս է գալու հաղթանակով: Երվանդ Բոզոյանը ընդունել է, սակայն, որ մի պատերազմում Ադրբեջանը դեռեւս հաղթող է դուրս գալիս: Խոսքը տեղեկատվական պատերազմի մասին է:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ եւ երեք նախագահների համատեղ հայտարարության մասին երեկ կարծիք է հայտնել նաեւ մեկ այլ քաղաքագետ` ՙՌԱՀՀԿ՚ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Իր գործընկերոջ նման Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ ԼՂՀ-ն պետք է ակտիվորեն մասնակցի բանակցություններին: Ըստ քաղաքագետի, Ադրբեջանն այժմ լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար: Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը գրանցված միջադեպի մասին` Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ նման միջադեպերը գուցե հաճախակի դառնան ամռան ընթացքում, սակայն հավանական չէ, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով կարող է Հայաստանին պատերազմ հայտարարել:

Նվազել են

2010 թ. հունվարի 1-ից հունիսի 29-ը Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1427 դեպք, բացահայտվել է 1308-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 25 դեպք, բացահայտվել է 24-ը: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպք, բացահայտվել է 6-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1381 դեպքից բացահայտվել է 1229-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 21 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 29 դեպք, բացահայտվել է 27-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք:

Շուրան դեմ է

Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելված Է ամուսնանալ օտարերկրացիների հետ:

Թագավորության խորհրդակցական մարմինը` Շուրայի խորհուրդը, ընդունել Է օրենք, որի համաձայն, օտարերկրացիների հետ ամուսնացած անձինք կենթարկվեն տուգանքի 27 հազար դոլարից ոչ ավելի չափով, ինչպես նաեւ կզրկվեն բանկերից վարկեր վերցնելու իրավունքից: Օրենքը, սակայն, ունի բացառություններ: Նախարարները, արքունիքի եւ գահաժառանգ արքայազնի դիվանատան, նախարարների կաբինետի եւ Շուրայի խորհրդի ծառայողները, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների, Ազգային գվարդիայի, թագավորական պահպանության, հետախուզության եւ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների բարձրաստիճան աշխատակիցները կարող են օտարերկրացիների հետ ամուսնանալ միապետի թույլտվությամբ:

Աջակցություն

Ստեփանակերտում օրերս նորակառույց մեկսենյականոց բնակարաններ են հատկացվել 18 տարին լրացած, առանց ծնողական խնամքի մնացած վեց երիտասարդների:

ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր բնակարան կահավորվել է երկու միլիոն դրամի սահմաններում: Ծրագիրը շարունակական է լինելու, եւ ներկայումս նախարարության կողմից հաշվառված է նույն կարգին պատկանող եւս վեց պատանի:

_____________________

Ուր գնա Թամարը այս տարվա ամռանը
Իսկ սերը Թուրքիայի հանդեպ մարում է

ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Սերժ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունները չբարելավեց, այլ ավելի սրեց իրավիճակը: Հարաբերություններն այն աստիճան սրվեցին, որ ազդեցին նույնիսկ տուրիզմի վրա:

Մեր հարցումները տուրիստական գործակալություններում վկայեցին, որ Թուրքիա, մասնավորապես Անթալիա մեկնողների թիվը կտրուկ նվազել է: Բայց դա չի նշանակում, որ ավելացել է Հայաստանի հանգստյան տներում հանգստացողների թիվը, քանի որ ինչպես նշեցին տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, հայերը Հայաստանում գրեթե չեն հանգստանում, քանի որ Եվրոպայի բարձրակարգ հյուրանոցներում հանգստանալը ավելի մատչելի է, քան Հայաստանի հանգստյան տներում:
ՙԱլո՚ տուրիստական գործակալությունից մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց դիմող հայերը հիմնականում ցանկություն են հայտնում հանգստանալ եվրոպական երկրներում, մասնավորապես Իտալիայում եւ Իսպանիայում, մեկնում են նաեւ Թուրքիա, Վրաստան, Թունիս, բայց զբոսաշրջիկների հոսքը դեպի այս երկրներ այնքան էլ մեծ չէ: Հայաստանում մեր համաքաղաքացիները, ըստ գործակալության, գրեթե չեն հանգստանում, քանի որ համեմատ եվրոպական գների մեզ մոտ ծառայության արժեքները շատ ավելի թանկ են: ՙԱլո՚ տուրիստական գործակալությունից նշեցին, որ Իտալիայի բարձրակարգ հյուրանոցում 14 օրվա հանգիստը` սնունդը ներառյալ արժե 1500 դոլար, գումարած 260 հազար ճանապարհածախս, իսկ Ծաղկաձորի բարձրակարգ համարում նույն հանգիստն արժե 750 հազար դրամ` սնունդն ու հյուրանոցային սենյակը ներառյալ: Նման գնային քաղաքականության պայմաններում, կոպիտ ասած, հիմար պետք է լինել Հայաստանում հանգստանալու համար: Իսկ եթե Հայաստանում հանգստանալ ցանկացողներ, այնուամենայնիվ, գտնվում են, ապա նախընտրում են հանգստանալ Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Դիլիջանում: Ի դեպ, տուրիստական գործակալությունում տեղեկացրեցին, որ հանգստացողների թիվը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է, ինչը, ըստ տուրիստական գործակալության աշխատակիցների, հավանաբար պայմանավորված է ֆինասական հնարավորությունների սղությամբ, ինչպես նաեւ տուրիստական տոմսերի թանկացմամբ: ՙԱրմատուրից՚ էլ տեղեկացրեցին, որ իրենց նույնպես դիմում են եվրոպական երկրներում հանգստանալու համար: Հայերը հիմնականում մեկնում են Իտալիա, Իսպանիա, բայց կտրուկ նվազել է Թուրքիայի, իսկ ավելի կոնկրետ Անթալիայի սիրահարների թիվը: Այս տուրիստական գործակալությունում էլ նշեցին, որ եվրոպական երկրներում յոթօրյա հանգիստը մեկ անձի համար արժե նվազագույնը 800 եվրո: ՙԷլ Էյջ թրեվել՚ դիմած քաղաքացիներն էլ նախընտրում են ծովափնյա հանգիստը: Այս գործակալությանը դիմածներն ավելի շատ գերադասում են Հունաստանը, Կիպրոսը, Թունիսը եւ Թուրքիան: Այս ուղղություններով մեկնել ցանկացողները պետք է ունենան ոչ պակաս, քան 800 եվրո, եթե ցանկություն ունեն վայելել մեկշաբաթյա հանգիստ: Այս երկրներում հանգստանալ ցանկացողների համար 3000 եվրոն արդեն շքեղություն է: ՙԵրեւան տուրում՚ իրավիճակը ընդհանրապես լավ չէր, քանի որ այստեղ հիմնականում հանգիստը առաջարկում են դեպի Թուրքիա, բայց հարեւան այս երկրում հանգստանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է նախորդ տարվա համեմատ, թեեւ ամենամատչելի հանգիստը Թուրքիայում է: Ինչ խոսք, դաշնակցականների քաղաքական կոչերը, կարծես թե, ազդել են մեր համաքաղաքացիների վրա, եւ մերոնք որոշել են այլեւս չհարստացնել Թուրքիայի ռազմական բյուջեն: Մեկ էլ տեսար հայերի հանգստի վրա ծախսած գումարներով թուրքերը այնքան հարստանան, որ մի օր որոշեն հարձակվել իրենց երկրում հանգստացող հայերի վրա կամ ադրբեջանցիներին պարտքով գումար տան հայերի վրա հարձակվելու համար: Ցավալին այն է, որ այդ մտավախությունը այն աստիճան է ահագնացել, որ վերջերս էլ պետաշխատողներին էր հրահանգ տրվել, որ եթե հանկարծ մեկնեն Անթալիա հանգստանալու, ապա կհեռացվեն աշխատանքից, այնինչ տեղացի բիզնեսմենները ոչինչ չեն անում տեղի բյուջեն հարստացնելու համար: Հայաստանում գործող հանգստյան տները իրենց արտաքին տեսքով եւ առաջարկվող պայմաններով ոչինչով չեն զիզում եվրոպական երկրներին, սակայն այնպիսի սարսափազդու գներ են գործում Հայաստանում, որ նույնիսկ Հայաստանի պայմաններում բարձր աշխատավարձ ստացող քաղաքացին իրեն չի կարող թույլ տալ հանգստանալ հարազատ երկրում: Իսկ ովքեր էլ չեն կարողանում մեկնել Եվրոպա, հանգստանում են հեռու եւ մոտ գյուղերում` մոտ եւ հեռու հարազատներին հյուրընկալվելով: Ամենացավալին այն է, որ չհանգստացողների թիվը գերազանցում է հանգստացողների թվին:

Գրողները եւ համագումարը

Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը երեքշաբթի օրը բացվեց Գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցում են 300-ից ավելի պատվիրակներ:

20 երկրներից ժամանած շուրջ 90 սփյուռքահայ գրողներն ու նրանց հայաստանցի գրչակիցների քննարկումները առաջիկա օրերին նվիրված կլինեն ՙՆոր իրականություն եւ նոր գրականություն՚, ՙՀայ գրականությունն արդի աշխարհի համատեքստում՚, ՙԺամանակակից հայ գրականության միջազգայնացումը՚, ՙԳրական մամուլը Հայաստանում եւ Սփյուռքում՚ եւ այլ խնդիրների: Համագումարի պատվիրակներից Երեւանի պետական համալսարանի Հայ գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Գաբրիելյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց հետեւյալ խնդիրները. ՙՈրքան հնարավոր է` ավելի մոտենալ կյանքին եւ ոչ թե օդում սավառնել, ինչպես որ մեր շատ պոետներ: Ազգային մտածողություն եւ ոչ դրսից եկած տարբեր գրական եւ այլ կարգի հոսանքներ ու ոճեր: Երկու ոտքով` մայր հողի վրա՚:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը գրականության խնդիրներից կարեւորեց ՙհայոց լեզվի համար շարունակվող պատերազմը, որ այսօր վտանգի է ենթարկվում՚, ՙգրականության ուսուցումը դպրոցում, բուհերում, որը ոտնահարվում է՚:
Սփյուռքահայ անվանի բանաստեղծներից երուսաղեմաբնակ Անուշ Նագգաշյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում սփյուռքահայ գրականության խնդիրներին անդրադառնալով` ասաց. ՙԺամանակի հետ փոխվում են թեմաները: Օրինակ, Մեծ եղեռնից հետո սփյուռքում նյութը ամբողջովին հայապահպանումն էր, Հայաստանը սովետական ռեժիմի տակ էր: Այսօր դարձյալ հայապահպանման մասին է մեր գրականության նյութը, բայց` արդեն ուրիշ ձեւով՚: Ամենացավալին, ըստ Նագգաշյանի, այն է, որ հայ գրողները սփյուռքում սկսում են գրել ոչ հայերեն:
Ստամբուլում հրատարակվող ՙՄարմարա՚ օրաթերթի հիմնադիր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը նույնպես ցավով խոսեց սփյուռքում տարեցտարի ավելացող օտարագիր հայ գրողների թեմային: Նրա համոզմամբ, օտար լեզվով գրվող գրականությունը դժվար է հայ գրականություն կոչել: ՙՈրովհետեւ գրականությունը ինչ լեզվով որ գրվում է, այդ ազգին, այդ ժողովրդին է պատկանում՚,- ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց նա` շարունակելով. ՙԱյդ տեսակետից, ես կարծում եմ, որ սփյուռքում հայ գրականությունը, դժբախտաբար, շատ-շատ 10 տարի, 15 տարի եւս կդիմանա, իսկ դրանից հետո, եթե մի հրաշք չպատահի: Բայց ես հրաշքի հավատացողներից եմ, քանի որ հայ ժողովուրդը քանիցս հրաշքներ է իրագործել՚:
Արձակագիր Ռուբեն Հովսեփյանի համոզմամբ` կարեւորը գրելն է. ՙԹող նույնիսկ գրամոլները գրեն, թող գրեն, մի բան դուրս կգա՚:
ՙԱզատություն՚

Կդադարեցնեն

Ադրբեջանում կդադարեցվի բոլոր այն վճարային համակարգերի աշխատանքը, որոնք դրամական փոխանցումներ են իրականացնում Արցախ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ավթանդիլ Բաբաեւը: Ըստ նրա, նման բան եղել է եւ նախկինում, եւ ԿԲ-ն միշտ միջոցներ է ձեռնարկել. ՙՆման դեպքերում մենք խզում ենք համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ, եւ դա արդյունք է տալիս՚: Նրա խոսքերով, Migom եւ Leader դրամական փոխանցումների միջազգային համակարգերն արդեն ՙաշխատում են շտկել իրենց սխալը՚: Ադրբեջանի ԿԲ-ն զգուշացրել էր, որ հիշյալ կազմակերպությունները Արցախ դրամական փոխանցումներ չիրականացնեն, սակայն քանի որ նրանք հաշվի չեն առել զգուշացումը, ԿԲ-ն հանձնարարել է առեւտրային բանկերին հունիսի 8-ից դադարեցնել Migom-ի հետ, իսկ հունիսի 11-ից` Leader-ի հետ համագործակցությունը:

Նորանշանակ նախարար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին, ասաց, որ վերջինս վայելելու է կառավարության աջակցությունը: ՙԱջակցություն լինելու է կառավարության կողմից, իմ կողմից, որպեսզի նա սահուն մտնի աշխատանքի մեջ: Նաեւ կարեւոր է, որ 2006 թ. զբաղվում է կուսակցական գործունեությամբ, եւ դա նշանակում է, որ հնարավորություն է ունենալու վերահսկելու եւ կուսակցության կողմից մատնանշված ծրագրերը, եւ կոալիցիայի կողմից հաստատված ծրագրերը՚,-ասել է Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, կոալիցիոն համաձայնագրով վերապահված է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը: Ի դեպ, նախկին նախարար Մխիթար Մնացականյանը ներկա չէր նոր նախարարի ներկայացմանը: Հրաժարականի իր դիմումը նա ուղարկել էր Մոսկվայից, որտեղ գործուղման էր ու դեռեւս Հայաստան չի վերադարձել:

Վերընտրել են թեմական առաջնորդին

Գերմանիայի Հայոց թեմը վերընտրել է թեմական առաջնորդին: Քյոլնում տեղի է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի պատգամավորական ժողովը, որը թեմակալ առաջնորդ է վերընտրել Գարեգին արքեպիսկոպոս Պեքճյանին:
Գարեգին արքեպիսկոպոս Պեքճյանի օգտին քվեարկել է 38 հոգի:

_____________________

Նուբարաշենի թունաքիմիկատների
գաղտնիքները բացվում են

ԱՆԻ ՇԱԲՈՅԱՆ

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ծածկման աշխատանքները, որոնք սկսվել էին այս տարվա մայիսի կեսերից, արդեն ավարտվել են:

Նշենք, որ երկուսուկես ամիս առաջ անհայտ անձանց կողմից հեռացվել էր գերեզմանոցի վրայի 2 մետր հողաշերտը, որի պատճառով թունաքիմիկատները հայտնվել էին հողի երեսին: Համապատասխան մարմինների համար միեւնույնն էր, թե կատարվում է բնապահպանականլուրջ աղետ, իսկ բնապահպանության նախարարության պաշտոնյաները զարմանում էին, թե ինչ՞ւ են բոլորը խառնվել իրար:
Խնդրին ուշադրություն սկսեցին դարձնել եւ դրա լրջությունը գիտակցել միայն այն ժամանակ, երբ հասարակական կազմակերպությունները եւ լրագրողները պարբերաբար սկսեցին ահազանգել իրավիճակի լրջության մասին: Եվ ցավալին այն է, որ էկոլոգիական աղետի մասին շատ լավ գիտեին եւ կառավարությունը, եւ Բնապահպանության նախարարությունը, եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, եւ Ոստիկանությունը: Նշենք, որ թունաքիմիկատները էին բացվել նաեւ 2008թ. եւ կրկին միայն հասարակական կազմակերպությունների ահազանգերից հետո: Դրանք փակվեցին, բայց դարձյալ ոչ ցուցանակներ տեղադրվեցին, ոչ տարածքը ցանկապատեցին եւ ոչ էլ բնակչությանը տեղեկացրին վտանգավոր գոտու մասին: Այս տարի ցուցանակները տեղադրվեցին միայն վերջերս բարձրացված մեծ աղմուկից հետո: Պարբերական ահազանգումներից հետո կառավարությունը 31 մլն գումար հատկացրեց գերեզմանոցի ծածկման համար: Նշենք, սակայն, որ գերեզմանոցի ծածկումը վտանգի կանխարգելման երեք փուլերից միայն առաջինն է եւ ժամանակավոր բնույթ է կրում: Երկրորդ եւ երրորդ փուլում նախատեսվում է թունաքիմիկատների տեղափոխում այլ երկիր եւ ոչնչացնում: Մեզ հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ ներկայումս կառավարությունը քննարկում է, թե որքան գումար է հարկավոր բոլոր աշխատանքների կատարման համար եւ բանակցություններ է վարում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ այդ գումարները ձեռք բերելու համար: Նրա խոսքով, մոտ 6-7 ամիս անց արդեն պետք է մեկնարկեն թունաքիմիկատների պահեստավորման, տեղափոխման եւ ոչնչացման աշխատանքները: Գերեզմանոցի ծածկումը, ինչպես նշեց Նիկոլայ Գրիգորյանը, շատ հրատապ էր, բայց միայն դրանով չի կարելի սահմանափակվել: Կա վտանգ հնարավոր սողանքների պատճառով, քանի որ գերեզմանոցը, ինչպես հայտնի է, գտնվում է սողանքային գոտում: Հիշեցնենք, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը ստեղծվել է դեռ 1970-ական թվականներին, որտեղ թաղվել են մոտ 600 տոննա թունաքիմիկատներ, որի մոտ 60 տոկոսը ԴԴՏ-է: Տեղանքը ակտիվ սողանքային է, եւ գերեզմանոցն իր վտանգավոր պարունակությամբ արդեն 30 տարի է` սահում է ու սահում դեպի հարեւան տարածքներ: Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը եւս նշեց, որ պետք է զգոն լինել, քանի որ սողանքի վտանգն իրոք կա: Հենց առկա վտանգի պատճառով Արտավազդ Վանյանի խոսքով, նախարարության կողմից կատարվում են շրջակա միջավայրի պարբերական հետազոտություններ, որոնք ինչպես նա հավաստեց, կարվեն այնքան ժամանակ, մինչեւ թունաքիմիկատները կտեղափոխվեն Հայաստանից: ՙԱռողջապահության նախարարությունը պարբերաբար` շաբաթը երկու-երեք անգամ կատարում է լաբորատոր հետազոտություններ տարածքի օդում, ջրում, հողում: Շեղումներ դեռ չեն գրանցվել: Մեր զգոնությունը չպետք է թուլացնենք, քանի որ ամեն րոպե հնարավոր է վտանգ, քանզի սողանքի հետեւանքով թունաքիմիկատների հոսք կարող է լինել՚,- մեզ հետ զրույցում նշեց նա: Իսկ այն հարցին, թե հետազոտությունների արդյունքում արդյո՞ք երբեւէ չի գրանցվել թունաքիիկատների առկայություն, Արտավազդ Վանյանը ասաց, որ իրոք եղել է: Հատկանշական է, որ նախկինում այս մասին որեւէ տեղեկատվություն չէր հաղորդվում, ավելին` հերքում էին եւ բացառում այդ մասին արվող ցանկացած ենթադրություն.ՙՄիայն հողի առաջին հետազոտությունները ունեին որոշակի շեղումներ` ԴԴՏ-ի կրկնակի գերազանցում: Սակայն աստիճանաբար այն նվազեց, քանի որ կատարվեցին ծածկման միջոցառումներ՚: Նշենք սակայն, որ ծածկման աշխատանքները սկսվեցին ընդամենը մայիսի կեսերին, իսկ գերեզմանոցը բացվել էր փետրվարի վերջին: Այսինքն ստացվում է, որ այդ 3 ամսվա ընթացքում հողում, կարելի է ենթադրել նաեւ ջրում եւ օդում, առկա էր ԴԴՏ-ի գերազանցում: Այնինչ այդ ընթացքում ներկայացվող հետազոտությունների արդյունքները որեւէ շեղում չունեին:
Հիշեցնենք, որ մինչ ծածկման աշխատանքներ կատարելը բազմաթիվ ահազանգեր էին հնչում այն մասին, որ թունաքիմիկատները անձրեւաջրերի պատճառով հոսում են մոտակա արոտավայրերը, դաշտերը, իսկ կաթի, բույսերի, հատապտուղների հետազոտություններում, զարմանալիորեն, չէր հայտնաբերվում որեւէ թունաքիմիկատ: Հարց է առաջանում` որքանո՞վ պետք է վստահել ներկայիս հետազոտության արդյունքներին, մանավանդ եթե հաշվի ենք առնում այն, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի շուրջ ստեղծված աղմուկի ժամանակ Արտավազդ Վանյանը, որը ունենալով հետազոտության արդյունքները, մի քանի օր չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Գու՞ցե իրական արդյունքների մասին կհայտարարվի՞ տարիներ անց: Մնում է հուսալ, որ տեղափոխման եւ ոչնչացման աշխատանքները ժամանակին կարվեն եւ այս անգամ կառավարությունն չի արթնանա միայն լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ահազանգերից հետո:

Լրտեսական սկանդալ

ԼԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է 10 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Միացյալ Նահանգներում Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Եվս մեկ կասկածյալ դեռեւս գտնվում է ազատության մեջ: Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում 10 մարդու ձերբակալությունը պաշտոնական Մոսկվան որակել է որպես վերադարձ ՙսառը պատերազմին՚:

Ձերբակալվածներին պաշտոնապես չի ներկայացվել լրտեսության մեղադրանք: Առայժմ նրանք մեղադրվում են միայն արտասահմանյան կառավարության համար ապօրինի աշխատանք իրականացնելու մեջ: Այս մեղադրանքը նախատեսում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Շաբաթ օրը ձերբակալված ութ կասկածյալներին մեղադրում են ամերիկյան տարածքում երկարատեւ գաղտնի գործունեությամբ զբաղվելու մեջ: Եւս երկուսը կասկածվում են այդ լրտեսական գործողություններին հանցակից լինելու մեջ: Բացի այդ, տաս ձերբակալվածներին մեղադրում են նաեւ փողերի լվացման մեջ, իսկ դրա համար ամերիկյան օրենսդրությունը նախատեսում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Նյու Յորքի դատարան ներկայացված գործերի համաձայն` ձերբակալվածները պատրաստություն են անցել ռուսական Արտաքին հետախուզության ծառայությունում եւ ԱՄՆ են ուղարկվել հատուկ հանձնարարություններով` ներխուժել օրենսդրական շրջանակներ եւ զբաղվել տեղեկատվության հավաքով: Ինչպես գրում է ՙBBC՚-ն` այս պատմությունը շատ նման է սառը պատերազմի ժամանակաշրջանի լրտեսական պատմություններին, բայց 21-րդ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ: Քննիչները հաստատել են, որ ձերբակալվածներից ոմանք ԱՄՆ-ում բնակվել են կեղծ անձնագրերով 1990-ական թվականների սկզբներից: Նրանց դրամական կանխիկ գումարներ են փոխանցել շատ հետաքրքիր մեթոդով. պայմանավորված վայրում փոխերը թաղել են հողի մեջ: Մեղադրյալները շփվել են էլեկտրոնային փոստով` իրար ուղարկելով կոդավորված հաղորդագրություններ անմեղ նկարների տեսքով: ՙԴուք ԱՄՆ եք ուղարկվել տեւական հանձնարարությամբ: Ձեր կրթությունը, բանկային հաշիվները, ավտոմեքենաները, տները եւ այլն` այդ բոլորը ծառայում են մեկ նպատակի. իրականացնել գլխավոր առաջադրանքը, այն է` կապեր հաստատել եւ զարգացնել ԱՄՆ քաղաքական շրջանակներում եւ փոխանցել տեղեկություններ՚,- ասվում է ամերիկյան հակահետախուզական ծառայության կողմից որսացած եւ ապակոդավորված նամակներից մեկում, որը էլեկտրոնային փոստով փոխանցվել է կասկածյալներին: Հայտնի է նաեւ, որ լրտեսները մերձ կապեր էին հաստատել մի գիտնականի հետ, որը զբաղվում է զենքի մշակմամբ եւ ամերիկյան հատուկ ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկի հետ:
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը ենթադրյալ լրտեսների ձերբակալության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: ՙԱյդ տեղեկատվությունը մենք չենք մեկնաբանում՚,- ՙՌիա Նովոստիի՚ հետ զրույցի ժամանակ ասել է ԱՀԾ մամուլի բաժնի ղեկավար Սերգեյ Իվանովը: Իսկ ՌԴ արտգործնախարարությունից էլ հաղորդել են, թե դեռեւս ուսումնասիրում են ստացվող տեղեկությունները: ՙԱնհրաժեշտ է գլուխ հանել այդ գործից: ԱՄՆ-ից հակասական տեղեկություններ են գալիս՚,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Այնուամենայնիվ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, թե ամերիկյան կողմի պնդումները անհիմն են եւ անվայել նպատակներ են հետապնդում: Հայտարարությունում խորը ափսոսանք է արտահայտված, որ ձերբակալությունները կատարվել են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների նախագահը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների ՙվերաբեռնավորմանը՚: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը բացատրություններ կներկայացնի տեղի ունեցածի առնչությամբ: ՙՄիակ բանը, որ այսօր կարող եմ ասել, այն է, որ պահը ընտրվել է հատուկ նրբանկատությամբ՚,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

_____________________

Անգործ են նաեւ մուլտնկարիչները

ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ

Հայաստանում կազմակերպվող փառատոնների ցուցակը նախորդ տարի ավելացավ եւս մեկով: Խոսքը ՙՌեանիմանիա՚ փառատոնի մասին է, որը անիմացիոն ֆիլմերի համար է նախատեսված: Թե այս փառատոնը որքանով է նպաստելու Հայաստանում մուլտարտադրության զարգացմանը կամ որքանով է այն դասվելու աշխարհի հեղինակավոր փառատոնի շարքում, դեռ վաղ է խոսել, սակայն փառատոնի նախագահ Վրեժ Քասունու երազանքն է հասնել ՙԱնսի՚ փառատոնի մակարդակին:

ՙՌեանիմանիա՚ փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 9-13-ը: Թեեւ փառատոնին դեռ բավական երկար ժամանակ կա, փառատոնի կազմակերպիչները որոշել էին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել եւ որոշ տեղեկություններ հաղորդել: Թե որ երկրներից են լինելու այս տարվա փառատոնի մասնակիցները, ինչ աշխատանքներ են ներկայացվելու հանդիսատեսի դատին, առայժմ փառատոնի ղեկավարությունը չի հայտնում, քանի որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հայտարարվերել է հուլիսի 30-ը: Փառատոնը, որն առաջին անգամ անց կացվեց 2009թ., այս տարի մի քանի նորամուծություններ է սահմանել: Ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փառատոնի նախագահ Վրեժ Քասունին, այս տարի 18-25 տարեկան երիտասարդների համար կհայտարարվի մրցույթ, որին պետք է ներկայացվեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ: Ընտրված լավագույն գաղափարը իրականության կվերածվի: Մշակույթի նախարարության եւ ՙՀայաստանի ազգային կինոկենտրոնի՚ աջակցությամբ լավագույն սցենարը կնկարահանվի եւ կցուցադրվի հաջորդ տարի ՙՌեանիմանիայի՚ շրջանակում: Վրեժ Քասունու խոսքերով, տարիքային այս սահմանափակումը պատահական չէ ընտրված: ՙՆպատակը շատ հստակ է, ով արդեն 30 է, իր ապագան շատ հստակ որոշել է, մենք չենք սովորեցնի` ինքը ինչ անի: Դա աբսուրդ կլինի, մենք ապագայի մասին ենք խոսում՚,-ասաց Վրեժ Քասունին: Ասուլիսին ներկա ՙՀայաստանի ազգային կինոկենտրոնի՚ ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը եւս փառատոնի այս նորամուծությունը կարեւորեց: ՙԱմենակարեւորն այն է, որ փառատոնը հնարավորություն է տալիս սկսնակներին, անիմացիայի սիրահարներին եւ պրոֆեսիոնալիզմի քայլերն առաջին քայլերը ճիշտ անողներին նկարահանելու: Սա շատ կարեւոր հանգամանք է՚,- նշեց Ռազմիկ Աբրահամյանը: Փառատոնի այս տարվա մյուս նորությունն այն է, որ ՙՌեանիմանիա՚ փառատոնի հովանու ներքո կկազմակերպվեն նաեւ վարպետության դասեր: Փառատոնի այս տարվա նորամուծություն է նաեւ հեռուստատեսային գովազդների եւ տեսահոլովակների մրցութային ծրագրերը: Քանի որ փառատոնի մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ կինոփառատոնը հայ անիմացիոն արվեստը վերածնելու, նաեւ ժամանակակից անիմացիան միջազգային շուկա ու համաշխարհային ասպարեզ դուրս բերելու առաքելություն ունի, փորձեցինք հետաքրքրվել, թե Հայաստանում ինչ վիճակում է գտնվում մուլտարտադրությունը: Հետաքրքրական է, որ հայ մուլտիպլիկատորները պնդում են, որ իրենք ակտիվորեն աշխատում են, չեն դադարել ստեղծագործել անգամ անկախության առաջին տարիներին, երբ երկրում սոցիալական վիճակը ծանր էր: Պետական իրավասու մարմիններն էլ հայտարարում են, թե համապատասխան գումարային հատկացումները կատարվում են, բայց արդյունքն այն է, որ Հայաստանում մուլտֆիլմի մասին խոսակցությունը միայն բարի հիշողություններ է արթնացնում, եթե չհաշվենք այս տարի վերջապես ավարտված ՙՍասնա ծռեր՚ ֆիլմը: Վրեժ Քասունին, ինչպես նաեւ ասուլիսի մյուս հյուրերը` ՙՀայաստանի ազգային կինոկենտրոնի՚ ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը եւ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը, նկատենք, որ այնքան էլ հակված չէին խոսելու հայկական մուլտարտադրության վիճակից` խոստանալով այդ թեմային նվիրել մեկ այլ հանդիպում: Այնուամենայնիվ, որոշ կցկտուր կարծիքներ հնարավոր եղավ լսել: Ռազմիկ Աբրահամյանը մասնավորապես խոսեց ստեղծված աշխատանքների ցուցադրության խնդիրը: ՙԱզգային կինոն տարածելու խնդիրը առ այսօր կանգնած է պետության առջեւ: Այնքանով, որքանով հեռուստատեսությունը կցուցադրի, հասարակությունն այնքանով կտեղեկանա: Ինքս էլ բավարար չեմ համարում երկու կինոթատրոն Երեւանում, մեկ կինոթատրոն Գյումրիում: Բայց քայլեր ձեռնարկվում են թե պետության, թե կինոկենտրոնի կողմից: Շրջում ենք մարզերով եւ տեղում ներկայացնում վերջին տարիներին թողարկած լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերը՚,- նշեց Ռազմիկ Աբրահամյանը: Նա, սակայն, չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե հեռուստատեսությունների հետ համագործակցությունը չի ստացվում, այնինչ այդ խնդրից դժգոհում են հայաստանցի բոլոր մուլտիպլիկատորները: Վրեժ Քասունին էլ այս հարցի առնչությամբ ավելացրեց, թե հեռուսատաընկերություններն անկախ են, սակայն պետք է նրանց շահագրգռել, որպեսզի նկարահանեն նաեւ անիմացիոն սերիալներ: Մյուս խնդիրը, որն առկա է այսօր Հայաստանում մուլտարտադրության ոլորտում, ըստ Քասունու, այն է, որ նկարիչների քանակը շատ է, բայց այդ նրանք անգործ են: Այս ամենով հանդերձ, Քասունին լավատես էր: ՙՎիճակը լավ է այն առումով, որ անիվը ետ չի գնում, առաջ ենք գնում՚,-կարծիք հայտնեց Վրեժ Քասունին: Այն, որ Հայաստանում մուլտարտադրությունը հին պատմություն ունի (առաջին մուլտֆիլմը `ՙՇունն ու կատուն՚ նկարահանվել է 1935թ.) եւ խորհրդային միության տարիներին հայկական մուլտդպրոցը ուրույն ձեռագրով է առանձնացել, հայտնի է բոլորին, սակայն այսօր կատարվող աշխատանքների եւ առհասարակ անիմացիոն ֆիլմերի արտադրության մասին տեղեկատվություն համարյա թե չկա: Ֆինանսավորումը, գուցե թե շատ չէ, սակայն, ինչ-որ գործեր անելու, անիվն իսկապես տեղից շարժելու համար, կարծում ենք, բավարար է: Ինչպես 2009թ. այնպես էլ այս տարի մուլտարտադրության համար պետբյուջեից հատկացվել է 112 մլն դրամ: Ինչպես մեզ տեղեկացրեց կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունյանը, այդ գումարի շրջանակում պետք է նկարվեն հինգ անիմացիոն ֆիլմեր: Թվում է, թե վատ չէ նաեւ տարեկան արդյունքը, սակայն թե ինչու այդ աշխատանքը չի երեւում, որեւէ կերպ չի պարզաբանվում: Իհարկե, ուրախալի է, որ Հայաստանում որոշել են ՙՌեանիմանիա՚ փառատոնի միջոցով արթնացնել հետաքրքրությունը հայկական անիմացիայի նկատմամբ, սակայն մինչ հետաքրքրություն արթնացնելը նախ պետք է ցույց տալ, թե ինչ ունենք: Այլապես հայտնի անեկդոտի հերոսի նման կոճակի հարցը լուծելով կարծում ենք թե վերարկուն էլ ենք գտել:

Եւս 395 մլն դոլարի վարկ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին տրամադրվող հակաճգնաժամային օգնության շրջանակում նախատեսվող երկու վարկային ծրագրերը? 395 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:Դրանցից յուրաքանչյուրը (197,4 մլն դոլար) նախատեսված է երեք տարվա համար: ԱՄՀ հաղորդագրության համաձայն, ընդունված որոշմամբ Երեւանը հնարավորութուն ունի անմիջապես ստանալ 53,6 մլն դոլար: Միաժամանակ, ԱՄՀ տնօրենների խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի ներկայացրած հայտը 2009թ. հաստատված նախորդ ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ:Ինչպես նշվում է հիմնադրամի հաղորդագրությունում, ծրագրերն ուղղված են ֆինանսաբյուջետային եւ արտաքին տնտեսական կայունությանը, տնտեսական աճի խթանմանը եւ աղքատության կրճատմանը: Այս խնդիրները պետք է իրագործվեն ուշադրության կենտրոն վերադարձնելով մակրոտնտեսական քաղաքականությունը եւ կառուցվածքային բարեփոխումները: Հատկանշական է այն հանգամանքը, որ (ԱՄՀ) շարունակաբար դժգոհ է մնում հատկացված վարկի ծեշախսերից եւ շարունակաբար նոր վարկեր տրամադրում:

Նոր բժշկական կենտրոն

Երեկ տեղի ունեցավ Արմավիրի հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացմանը: Կենտրոնի վերանորոգման աշխատանքները իրականացրվել են Համաշխարհային բանկի ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚ վարկային ծրագրի շրջանակներում: Այն կազմված է առանձին մասնաշենքերում տեղակայված հիվանդանոցից եւ պոլիկլինիկայից: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արմավիրի նոր բժշկական կենտրոնը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին եւ հագեցած է հիմնական բժշկական սարքավորումներով եւ կահույքով: Նրա խոսքով, հիմնանորոգման արդյունքում ընդլայնվել է բուժծառայությունների ցանկը, բացվել է դիալիզի բաժին: Կառավարության եւ ՀԲ-ի կողմից ընդհանուր ներդրումները Արմավիրի բժշկական կենտրոնում կազմել են 2, 44 միլիոն դոլար:

Վաճառում է կղզիները

Հունաստանն իր պարտքերը մարելու հուսահատ փորձով պատրաստվում է վաճառել կամ երկարաժամկետ վարձակալման տալ իր 6 հազար արեւային կղզիներից մի քանիսը: Այս մասին տեղեկացնում է ՙGuardian՚-ը: Ընդ որում, Հունաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի` Միկոնոսի տարածքները եւս վաճառքի են հանվել այլ օբյեկտների հետ միասին: Ըստ ՙGuardian՚-ի, Միկոնոսի մեկ երրորդը պատկանում է կառավարությանը, որը գնորդ է փնտրում, ով կցանկանա կապիտալ ներդնել զբոսաշրջային շքեղ համալիրի զարգացման մեջ: Հռոդոս կղզու սեփականություններով հետաքրքրված պոտենցիալ ներդրողները հիմնականում չինացիներ եւ ռուսներ են: Նրանք Միջերկրական ծովն իրենց երկրի բնակիչների համար դիտարկում են իբրեւ զբոսաշրջության կարեւոր ուղղություն:

Թանկարժեք մեդալներ

Վանկուվերի Օլիմպիական խաղերն անցել են պատմության գիրկը, սակայն եկել է հաշվետվության ժամանակը: Ռուսաստանի Պետդումայի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է ներկայացրել Վանկուվերի օլիմպիադային ՌԴ մասնակցելու ծախսերը: Հաշվիչ պալատի ներկայացմամբ, Վանկուվերում ձմեռային օլիմպիական խաղերին պատրաստվելու եւ մասնակցելու համար Ռուսաստանը ծախսել է 6,2 մլրդ ռուբլի: Նկատենք, որ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի հավաքականը գրավեց բավական համեստ` 11-րդ տեղը` նվաճելով 3 ոսկե, 5 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ: Ստացվում է, որ Վանկուվերում մեկ օլիմպիական մեդալը Ռուսաստանի համար արժեցել է 12 մլն դոլար:

Էրդողանը շահել է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է շահել: Այս անգամ խոսքը վերաբերվում է ընդդիմադիր ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցության նոր ղեկավար Քեմալ Քլչդարօղլուի դեմ: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, դատական նիստին մասնակցել են Էրդողանի եւ Քլչդարօղլուի փաստաբանները: Քլչդարօղլուի փաստաբանը պահանջել է չբավարարել հայցը, քանի որ իր պաշտպանյալը անձնական վիրավորանք չի հասցրել հայցվոր կողմին, այլ` քննդատել է: Սակայն դատարանը որոշում է կայացրել, որ անձնական վիրավորանք հասցնելու համար Քլչդարօղլուն Էրդողանին պետք է վճարի 4 հազար լիրա (2500 դոլար) փոխհատուցում: Հիշեցնենք, որ Քլչդարօղլուն դեռեւս կուսակցության խմբակցության փոխնախագահ եղած ժամանակ մի միջոցառման ընթացքում քննադատել է Էրդողանին, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ Էրդողանը դատական հայցով հանդես գա` պահանջելով 20 հազար լիրայի չափով փոխհատուցում:

_____________________

Ո՞ւմ համար է առաջնությունը

ԱՐԱՄ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թեւակոխել է ամենավճռական փուլ, խաղերը մեկը մյուսից հետաքրքիր եւ անզիջում են: Ոչ մի թիմ չի պատրաստվում հենց այնպես զիջել մրցակցին: Նույնիսկ խոշոր հաշվով բրազիլացիներին զիջած չիլիացիները պայքարեցին մինչեւ վերջին րոպեները: Այսուհանդերձ, Հարավային Աֆրիկայում ընթացող առաջնությունը պատմության մեջ կմնա որպես ամենավատ կազմակերպվածն ու սկանդալայինը:

Վատ կազմակերպվածության, ինչպես նաեւ կուլիսներում կնքված մի շարք գործարքների պատճառով ֆուտբոլի հազարավոր երկրպագուներ այդպես էլ չկարողացան ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետություն: Այս մասին պնդում է Newsweek ամսագիրը: Իսկ այս ամենի մեղավորը, ըստ հեղինակավոր պարբերականի, ՖԻՖԱ-ի ղեկավար Զեպ Բլատերն է: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ամիսներ առաջ ՖԻՖԱ-ն վիճահարույց գործարք է կնքել MATCH Services AG ընկերության հետ, որի ղեկավարներից մեկը Ֆիլիպ Բլատերն է` Զեպ Բլատերի եղբոր որդին: Նրան պատկանող ընկերությունը սկսել է խաղերից առաջ նախօրոք պատվիրել Հարավային Աֆրիկայի հյուրանոցային համարներն ու իջեւանատները` կես միլիոն այցելուների համար: Արդյունքում գները արհեստականորեն աճել են, սկզբում կրկնապատկվել են, ապա` եռապատկվել ու տասնապատկվել: ՙՄեկ գիշերվա համար սովորաբար 70 դոլար պահանջող իջեւանատներից մեկը նույն ծառայության համար հիմա ինձնից 2 հազար դոլար է պահանջում՚,- գրել է լրագրողն ու ավելացրել. ՙԱրդյունքում բազմաթիվ ֆուտբոլային երկրպագուներ, որոնք առանց այդ էլ հսկայական գին են վճարում Հարավային Աֆրիկա հասնելու համար ստիպված եղան վերջին պահին հրաժարվել խաղերին տեղում հետեւելու ցանկությունից: Այդ էին վկայում ոչ միայն առաջին խաղերի կիսադատարկ տրիբունաները, այլեւ առաջնության շուրջ ինտերնետում կազմակերպված քննարկումները՚: Եվ այս իրավիճակը հուշում է, թե ինչ է տեղի ունենում, երբ ֆուտբոլը մղվում է երկրորդ պլան եւ առաջնային են դառնում տնտեսական շահերը: Եթե ֆուտբոլային չինովնիկները կանգն չառնեն, ապա ֆինանսները կխժռեն ֆուտբոլային աշխարհը եւ արդեն հաշված թվով մարդիկ կլինեն, որոնք ցանկություն կունենան մարզադաշտում կամ հեռուստացույցի առջեւ հետեւել ֆուտբոլային խաղերին:
ՙԵրկրպագուներից մեկը ՖԻՖԱ-ն բնորոշել է որպես կազմակերպված հանցագործների անկազմակերպ ակումբ, շատերն էլ քննարկում են ՖԻՖԱ-ի դեմ դատարան միասնական հայց ներկայացնելու հնարավորությունը՚,- գրում է Newsweek-ը եւ ընդգծում. ՙՀարավային Աֆրիկան, որը առաջնությունը կազմակերպելու եւ հավելյալ մարզադաշտեր կառուցելու համար շուրջ 4 միլիարդ դոլար էր ծախսել, ՖԻՖԱ-ի որոշումների արդյունքում զրկվեց հազարավոր երկրպագուներից, մինչդեռ ՖԻՖԱ-ն, որ միայն առաջնության հեռարձակման միջոցով ավելի քան 2.5 միլիարդ դոլար է աշխատում, առատաձեռնությամբ առանձնապես չի փայլում՚: Նախօրեին, ըստ Newsweek-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության մի շարք մարզադաշտերի անվտանգության ծառայության աշխատակիցներ գործադուլ են հայտարարել` պնդելով, թե ՖԻՖԱ-ն 12-ժամյա աշխատանքի համար խոստացած 65 դոլարի փոխարեն վճարել է ընդամենը 25 դոլար: Այս օրինակը եւս վկայում է,. թե որքան վատ է կազմակերպված այս առաջնությունը: Բարեբախտաբար, թիմերն էլ նման վատ խաղ չեն ցուցադրում, այլապես ամեն ինչ շատ տխուր կլիներ: Կազմակերպիչների նման ֆուտբոլ խաղացին բացառապես Ֆրանսիայի եւ Իտալիայի հավաքականները, որոնց տապալումը առաջնությունն ավելի հետաքրքիր դարձրեց:

Որտեղից է գալիս եւ ուր է գնում ալերգիան

ԼԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աշխարհի բնակչության 1/5-ը տառապում է տարբեր տեսակի ալերգիաներով: Հատկապես ծառերի ծաղկման շրջանում ալերգիկների մոտ սրացումներ է առաջանում: Անգամ նրանք, ովքեր երբեք ալերգիկ ախտանիշներ չեն ունեցել, հանկարծ սկսում են հազել եւ փռշտալ:

Գիտությանը վաղուց է հայտնի օդում ծաղկափոշու քանակի եւ ալերգիկ ախտանիշների միջեւ առկա կապը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչն է դրդում, որ նախկինում ալերգիկ ախտանշաններ չունեցած մարդու մոտ հանկարծ առաջանան այդպիսի երեւույթներ: Բրիտանացի մասնագետներն ընդգծում են, թե գոյություն չունի ալերգիայի ախտանիշների ի հայտ գալը կանխորոշելու մեթոդ: Վուսթերի համալսարանի Ալերգոլոգիայի ազգային կենտրոնի մասնագետ Բեւերլի Ադամս Գրումը ՙBBC՚-ին տված հարցազրույցում ասել է, թե իրենց մոտ դեպք է եղել, երբ ալերգիկ ախտանիշներ են ի հայտ եկել 70-ամյա մարդու մոտ, որը մինչ այդ երբեք նման ախտանիշներ չէր ունեցել: ՙՄենք միայն գիտենք, որ գոյություն ունի ալերգիաների հանդեպ գենետիկ նախահակվածություն, իսկ թե ինչն է դրան դրդում արտահայտվել, դա արդեն մենք չգիտենք՚,- ասել է Ադամս Գրումը: Ծաղկող բույսերի ծաղկափոշուց առաջացող ալերգիայով հիմնականում տառապում են դեռահասներն ու երիտասարդները: Դրա ախտանիշները իրենց գագաթնակետին են հասնում մոտ 30 տարեկան հասակում: Երբ ծաղկափոշու մասնիկները շփման մեջ են մտնում քթի լորձաթաղանթի հետ, իմունային ռեակցիա են առաջացնում, որն էլ ի հայտ է բերում գրգռում, հարբուխ, վերին շնչուղիների բորբոքում: Վերջին տարիներին Հայաստանում խիստ ավելացել են ամռան ամիսներին ալերգիայով տառապող երիտասարդները: Պարզվում է` դա կապված է նաեւ աղտոտված միջավայրի հետ: ՙՏեղեկություններ կան, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նպաստում է ալերգիայի տարածմանը: Կա նաեւ հիպոթեզ հիգիենայի եւ ալերգիայի միջեւ կապի վերաբերյալ: Այդ հիպոթեզի կողմնակիցները կարծում են, թե մանուկ հասակում տարբեր ինֆեկցիաներից մեկուսացված լինելը թուլացնում է մեր իմունային համակարգը՚,- ասել է Ադամս Գրումը: Ավստրիացի գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաները, որոնք մշտական շփման մեջ են տնային կենդանիների հետ, մեծ հասակում արդեն այնքան էլ հաճախակի չեն տառապում ալերգիայով: Այդ գիտնականները հետազոտել են գյուղաբնակ երեխաներին, որոնք հաճախակի շփում ունեն կենդանիների հետ: Պարզվել է, որ այդ երեխաները քաղաքում ապրած երեխաների համեմատ երեք անգամ պակաս զգայուն են ծաղկափոշու ալերգիկ ազդեցության նկատմամբ եւ չորս անգամ քիչ են տառապում ասթմայով: Շոտլանդացի ալերգոլոգ պրոֆեսոր Բրայան Լիպուորն էլ ասել է, թե ժամանակակից բժշկությունը առայժմ պատասխան չունի այն հարցին, թե ինչի պատճառով է զարգանում ալերգիան: Ըստ նրա, ալերգիայով տառապող շատ մարդիկ պարզապես չեն նկատում այդ ալերգիայի թույլ նշանները ավելի վաղ հասակում: ՙԵս կասկած ունեմ, որ շատ դեռահասներ պարզապես ուշադրություն չեն դարձնում ալերգիայի թույլ ախտանշաններին, մինչեւ որ դրանք ավելու ուշ չեն վերածվում լուրջ խնդրի՚,- ասել է պրոֆեսորը: Այս ամենն, իհարկե, դժվար թե սփոփի նրանց, ովքեր այս պահին շրջում են այտուցված քթով եւ արցունքոտ աչքերով: Պարզապես նրանք իմացան, որ իրենց օրգանիզմում առկա ալերգիայի կանխահակվածությանն ինչ-որ բան դրդել է զարգանալ:

Շատակերը

Ամերիկուհի Լիզի Վելասկեսը կշռում է 25կգ, սակայն չի տառապում անորեքսիայով եւ ուտում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: ՙThe Sun՚ պարբերականը հաղորդում է, որ 21-ամյա աղջիկը տառապում է ինչ-որ հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով նա քաշ չի հավաքում, չնայած ուտում է օրական 5-8 հազար կալորիա պարունակող 60 ճաշատեսակ, մասնավորապես, կոնֆետներ, պիցցա, հավ, շոկոլադ, չիպսեր, պոնչիկներ, պաղպաղակ եւ այլն: Լիզզին ծնվել է ժամկետից 4 շաբաթ շուտ: Աղջկա մայրը պատմել է, որ բժիշկները հույս չէին տալիս, թե նա կապրի, կքայլի ու կխոսի. ծնողներն ստիպված տիկնիկների հագուստ էին գնում, քանի որ մանկականը շատ մեծ էր Լիզիի համար: Աղջիկը, սակայն, չի հուսահատվում: Նա մտադիր է շարունակել ուսումը եւ վերջերս գիրք է գրել իր առեղծվածային հիվանդության մասին, որը բժիշկները դեռեւս չեն բացահայտել:

Կունենանք

Երեւանի քաղաքապետարանը թույլ է տվել ՙՄոսկվա՚ կինոթատրոնի հարեւանությամբ բացել աստղերի ճեմուղի: Հունիսի 11-ին մեկնարկող ՙՈսկե ծիրան՚ 7-րդ միջազգային կինոփառատոնի հենց առաջին օրը բացվելու է նաեւ այդ ճեմուղին: Այս մասին ասաց ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա ասաց, որ ճեմուղու առաջին աստղերը կկրեն համաշխարհային կինոյի պատմության մեջ մտած ռեժիսորների` Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի ու Անրի Վերնոյի անունները: ՙԱրժանի են շատերը, սակայն պետք է հերթականությամբ դա անենք: Բացի այդ, բավականին գումարների հետ է դա կապված՚,- ասաց Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ ամեն տարի ճեմուղում 3-4 աստղ կավելանա: Աստղերի ճեմուղու ճարտարապետն է Համլետ Խաչատրյանը:

Տիեզերք չի թռչի

ՙԻնտել՚-ի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթի կինը? Բարբարա Բարրեթը, ով նախապատրաստվում էր ռուսական անձնակազմի հետ թռչել տիեզերք ու ներկայում գտնվում է Հայաստանում, պատասխանելով NEWS.am-ի հարցին, ասել է, որ ՙՍոյուզ Տ16՚ տիեզերանավը իր թռիչքն իրականացրել է 2009 թ. սեպտեմբերին, իսկ ինքը որպես պահեստային օդաչու նախապատրաստվում էր հենց այդ թռիչքին:

 

 

 

 
 
designed by ART group